Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Մաշալլա, էֆենդի

Մաշալլա, էֆենդի
19.06.2025 | 17:19

Փաստորեն, նորանկախ իրական պետության ու վերացական անիրական հայրենիքի իրավասու բոլոր ուժային կառույցները մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս, հի՛նգ, վե՛ց, յո՛թ, ու՛թ, ի՛նը, տա՛սը, չէ՛, հենց յո՛թ տարի մնացին նույն դասարանում, երանի կրթությունը յոթնամյա լիներ, և չկատարեցին գերագույն գլխավոր ամենա-ամենա-ամենա-ամենա-ամենահնարագետ իմաստության իմաստունի, աստվածայինի, գերագույնի, նաև վեհագույնի, աներկբա հեղինակություն վայելող և արքայից արքայի ու միակողմանի խաղաղության նոբելյան մրցանակի հավակնող առաջնորդի օրինական հանձնարարական-պահանջն ու չդիմեցին սահմանադրական իրավաչափ գործողությունների՝ բռնել սատանային:

Իսկ վերջինս, օգտվելով իր լեգիտիմ, սիրո և ոչ բռնի ժողովրդավարական իրավունքից և հանդուրժողականության մթնոլորտից, բազմացավ ինքնաբավ ու անխոչընդոտ և ճագարաբեղմնավորման անխտրական եղանակով տարեցտարի ցրթեց բազում գույնզգույն աներկբա թավշյա լպրծուն ճուտիկ-բուլիկներ, որոնք անտեղյակ իրենց ծագումնաբանությանը՝ ո'չ էգ էին, ո'չ` արու, որոնք և' էգ էին, և'արու, մե'կ էգ, մե'կ` արու, մե’կ արու` մեկ` է’գ, ուզեն՝ է'գ, ուզեն՝ արո'ւ, ուզեն' ո'չ էգ, ո'չ՝արու, արու-էգեր, էգ-արուներ, շարքային մահկանացուի նման չոչ անելուց հրաժարվեցին և աշխարհ գալով անմիջապես մտան փորձառուների վազքուղի և անցան վարժ մարաթոնյան վազքի...

Ի ծնե, ի բնե գառան երիշով քողարկված, իրենց հանձնարարված մութ գործերում պարապած ու հմուտ, արհեստավարժ արարածներ:

Պատվիրվեց նրանց հանել իրենց ներսի սևն ու սև մելանով ներկել բազմաց առ ոչինչ կյանքերը: Մինչ օրս անարգել ու անպատիժ դեգերում են նրանց աննախադեպ ոհմակները կադաստրի սեփականության վկայականը կորցրած դրախտիկ երկրում ու հաճույքի տարաբնույթ փառատոներում ինքնամոռաց տառփանքով վայելում արնանման կարմիր, արնահամ տաք գինու կենարար հաճույքը, որպես նիրվանա, ափիոն ու մարիխուանա։ Մաշալլա, էֆենդի…

Դավադիր հաղթանակի աննախադեպ հաջողությամբ արբեցած ու լկտիացած աղա փաշա -կըզի-օղլին ղազագրի տակ իր անկիրթ բարեկամի ստորագրությունն առած ցինիկաբար դեսուդեն թռավ, թե` փուշիկ տվի, լոշիկ առա, լոշիկ տվի, գառնիկ առա, գառնիկ տվի, հարսին առա, հարսին տվի, սազիկ առա, սազիկ առա, աշուղ դառա՚ ու մի ամբողջ երգաշար ձոնեց իր ընկերոջը, գործընկերոջը ախմախ ալկաշ բիզիմդի’ր…

Տաղերի լիրիկական հերոսը չհակադարձեց, ընդհակառակը, թե` մի բարկանա, էֆենդի, քեզնից ցածր եմ քանի քայլ. իմ կիրթ հարևան, բայց, քանի դեռ ուղտի լոշտակում դինջ մրափողները արթուն չեն կացել, ով արթուն է՝ ձի չի հեծնել, թուր չի կապել, կասկա ու զրահաբաճկոն չի ճարել, որ կենաց-մահու վերջին մի Սարդարապատ էլ հիմա սադրի, էստի համեցիր, տե’ս, ի’նչ չքնաղ արոտավայրեր ու ձյունապատ լեռներ, ինչ մարգագետիններ, անտառներ, սառնորակ աղբյուրներ կան, դու մենակ փող տուր` ես հողը կտամ, փող տուր` հող տամ, հող տամ`փող տուր, էլի հող կա տակը մնացած, դու փողը տուր` ես հողը տամ, ինչքան սիրտդ կուզի, էդքան քեզ փեշքեշ, դու հող ես սիրում` ես փող եմ սիրում, իմ անուշ ախպեր, ի’նչ կլինի` էլի փող տուր, մի քիչ գոնե, մի չըրթ, էլի կտամ, ինչքան սիրտդ ուզի` էդքան կտամ, ինչ կա-չկա քեզ լինի, վերջին հողակտորն է մնացել, մի թիզ, մի բուռ հող, համարյա ձրի եմ տալիս, առ-տա՛ր, իմ հոգին էլ ազատվի հավիտյանս հավիտենից, քոնն էլ, իմ ազի՛զ յոլդաշ, լրիվորեն քոնն եմ ու սիրտդ ինչ ուզի` էլի քոնն է, զեմլյա՜կ։ Չկասկածես, մանուլըմ: Հեչ չկասկածես: Ջերմ ողջույններս խանում կնգատ, միշտ քո անդավաճան եղբայր…

-Արյունը ջուր չի դառնա,- դեմքը ջղաձգելով, աչքերը կլորացնելով, քամակը քորելով ու թևերը հիստերիկ շարժումներով թափահարելով` անսպասելի պոռթկաց առաջնորդն ու, ի զարմանս յուրային ու ընդդիմադիր շատերի, հին ու նոր, նորագույն ու գալիք աշխարհների պատմության մեջ միակ և առաջին անգամ, բոլորի լուռ հայացքների ներքո, արյունը ջուր դառավ։

Շեֆը ձեռքն առավ ժապավենով զարդարված մուրճիկն ու սպառնաց… Չէ, ամենակուլ թշնամուն չէ, այլ կոռուպցիայի մեջ թաթախված, պետությունը թալանած, տարածքներ հանձնած նախկիններին, հորդորեց ժողովրդին սատար կանգնել, որ հետ բերի ժողովրդից թալանվածը` հատիկ-հատիկ, քյաբաբ առ քյաբաբ, ռոլս ռոյս առ բենթլի:

«Ես, իմ հոգեմտավոր ստնտու, քո անունով եմ երդվում»: Խոստացավ ժողովրդին ազատել մարմնի մեջ խրված անթիվ մեխերից և մուրճի կախարդական շինիչ զարկերով ավելի խորը թաղեց անհամար գամեր նրանց մաշկի տակից դուրս ցցված ոսկորների մեջ։

-Ասե՛ք՝ անե՛նք,-սոված ու չտես ամբոխի միջից ծղրտաց շնագայլերի առաջին շարքերում տեղադրված մեկը, ու բացահայտ հակառակն արեց։

-Ես ձեզ և համայն աշխարհին խաղաղություն եմ բերում,- սև ագռավը սպիտակ աղավնու բմբուլե հանդերձանքով էր եկել դիմակահանդես: Ասաց ու արեց: Եվ որոտացին զենքերը, և երկինքը պատվեց մահաբեր դրոններով և... ամեն բան ավերակ դարձավ, ամենուր մա’հ, վի’շտ ու սո’ւգ. այդտեղով ներքին ու արտաքին թուրքերն էին արշավել…

Աքելլան վրիպեց: Աքելլան ծերացել ու նորանոր անբուժելի հոգեմտավոր ախտեր էր ձեռք բերել: Նա մեղավոր չէ տարածքային, դրամական, տնտեսական, բարոյական և մյուս կորուստների համար, մեղավոր են միայն նախկիններն ու նախկին դառնալու ճամփան բռնած իրենց ուսապարկերի դատարկությունը անհագ կրքով լցնող ներկաները, նաև նրանց նախկինները, նաև արբանյակ ընդդիմադիրները, որ անվանի շինարար ժողովրդի երկրում հանքափոր ու շինարար չի մնացել, մնացել են ասֆալտ փռող, դպրոց շինող, ձեռքներն ընկած ամեն բանից հացուկաց քամող հատուկենտ սիրողական գծանշումները չհատած չտեսները միայն: Լիքը շինանյութ փողոցներում ու բակերում թափած է` շինող չկա:

Հետո էլ ուզում են հարստանալ, բայց աղքատությունը նրանց դատարկ գլուխներում է: Ծույլ անբաններ…

Մեր ժամանակի հերոսը հարկ վճարողն է, ուրիշ հերոս ես չեմ ճանաչում: Չէ, մի երկնային արքայության նահատակ բնակիչներ…

Գերեզմանաթմբերի վրա աղմուկով ծածանվող պետական դրոշակներ ու դրոշակակիրներ…

Ապրող իրական հերոսներին չեք գնահատում: Ձեզ համար հերոսը մեռածն է, գնա մեռիր` արի սիրեմ բանաձևով; Վճարիր, որ պահպանես պետության ինքնությունը, քաղաքացու ազատ և անկախ, ապահով ու երջանիկ ապրելու իրավունքը: Վճարիր հարկերդ, տույժ-տուգանքներդ, գույքահարկը, աղբահանությունը, համատիրությունը, կոմունալ ծախսերդ, մի խոսքով, տակը ինչ կմնա՝ հալալ է քեզ, իմ հպարտ ու դիմակայուն քաղաքացի:

Շուն լիներ քո փոխարեն՝ վաղուց սատկել էր: Բայց դու հզոր ես: Եթե նույնիսկ սովամահ լինես կամ ցրտահարությունից մեռնես, մենք քեզ մեռած չենք համարի, մենք քեզ սիրում ենք ամպի չափ, մենք քեզ պաշտում ենք: Ես սիրում եմ քեզ, խոնարհվում եմ քո առջև, կուզես՝ չոքեմ, ծնկի գամ: Դու պրոբլեմ չունես: Ո՞վ է մեղավոր, որ ժամանակին չսերտեցիր նորաձև կրթության աներկբա աննախադեպ դասընթացը: Չաշխատեղի՞ր ամառը, ասա՛, ի՞նչն էր պատճառը, որ ջուրը չտեսած բոբիկացար ու ոտաբոբիկ, էդ քո դատարկ գլխով ինքնավստահ մտար ջունգլիական անտառը, որտեղ տեղական կաղնին հնաոճ, իսկ սամուրայի սակուրաները նորաձև են...

Խոսեք, այ համբալներ այս քոսոտ երկրի, ի’նչն էր դրա պատճառը…

Խոսքը սրա մասին է, որ բոլորն են մեղավոր, հատկապես սփյուռքն ու իրենց բարեկամ հորջորջող երկրները:

Մաշալլա, էֆենդի, որ ինձ լսում ես:

«Ինչ-որ էղել է, էլ չի էղնի, ինչ-որ պըտի էղնի, չի կըրնա չէղնի»:

Լավ միտք է, մտածեց նորին գերազանցությունը: Կարելի է հետագայում օգտագործել որպես արդարացում՝ հեղինակային իրավունքը ինձ վերագրելով: Ո՞վ է էս թվին գիրք կարդում, որ գլխի ընկնի: Կարդային գրածներս՝ վայ թե ընտրություններին հավաքած ձայներս ձեռքերիս մատների վրա հաշվեի, միգուցե ոտներիս մատներն էլ հետը, ու վերջ:

Նոր աշխարհակարգի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում համատեղ հանձնախումբը հայտնաբերեց բազմաթիվ անճշտություններ ոչ միայն պետական սահմաններում անցյալից ժառանգած առկա կամայականությունների մասով, այլև հոգևորականների կուսակրոնության, Պարմի մենաստանի կույսերի, Վատիկանի մի շարք կարդինալների բարեվարքության և վարքականոնների անպարկեշտ, մանկապիղծ դրսևորումներում։

Աշխարհահռչակ մեծն մոդերատորի հրամանագրով, շտապ կարգով ստեղծվեց կուսափորձաբանական դատաքննչական հանձնաժողով, որը միաձայն, դեմ կա-չկա անխախտ դրվածքով և գազոնային անդեմ քվեարկությամբ հաստատվեց կառավարության չզեկուցվող հարցերի բաժնում, քանի որ բնակչության կենսամակարդակի նշաձողը շրիշակի կարմիր գծից գեթ դույզն ինչ բարձրացմանն ուղղված այդ կարևոր գործընթացին ներգրավված անդամների անվանացանկը պարունակում էր հույժ կարևոր պետական գաղտնիք և ենթակա չէր հրապարակման` ստորագրելու պահից մինչև գործի քննության ավարտը, և դոմփահարկի, տուգանքի կամ ազատազրկման չափի սահմանումը` համապատասխան փոփոխություններ կատարելով նոր քրեասեռաբանական օրենսգրքում՝ արտահերթ նիստ հրավիրելով։

Մենք դա կանենք: Կա՞ մեկը, որ կասկածում է իմ ուժին ու դուխին, կա՞ մի կառավարության կամ պառլմենտի անդամ, դատավոր կամ դատախազ, որ իմ ասածը չանի: Վիզը կկտրեմ:

Մատները կկոտրեմ:

Աչքերը ճակատին կշարեմ:

Պատեպատ կտամ ու կնետեմ ուղիղ պատմության աղբանոց:

Էնպես որ, հանձնարարված է` բոլորդ խելոք վեր ընկեք տեղներդ։ Վեր ընկեք տեղներդ: Ասում եմ` տեղներդ վեր ընկեք բառիս բուն իմաստով։

Հոռոմնե՞րը սպանեցին մեր թագավորին, անե՛ծք նրանց չար գործին, ով ուզում է լինի` որդիդ լինի, թե հեր ու մեր, կամ մուրազով սիրած կողակիցդ, աներձագդ, կնքահայրդ, սանիկդ, դասընկերդ, մի խոսքով, կարճ ասած, ցմահ զնդան, կախաղան, էլեկտրական աթոռ և մա’հ, մա՛հ, մա՛հ հոռոմներին:

Բայց չեմ հասկանում, ի’նչ կապ ունեն խեղճ ու ժողովրդավար եվրոպացիներն ու նրանց որդեգրած արժեքները Պապ թագավորի հետ, եթե նրա մահվանը իրականում նպաստեցին դավաճան ու կոռումպացված հայերը: Դրա համար եմ ասում, ամբողջ պատմությունը կեղծ է գրված, կաշառքով, ու պետք է ոտից-գլուխ վերանայվի մանրամասնորեն:

Իսկ իրեն հպարտ ու անպարտ համարող բազմությունը, կույր դյուրահավատությամբ դատապարտված էր մի հատ հռոմեական հավաբնով (Գառնիի հեթանոսական տաճար), մի կույտ ռագատկի քարերով (Քարահունջի աստղադիտարան), չուլանանոցների վերածված եկեղեցիներով հպարտանալու, որոնցով հիմարաբար փորձում էր զարմացնել բիրտ ուժեղների անգութ ու անողոք աշխարհին, որտեղ, իբր, անհամբեր իրեն էր սպասում շենշող երանելի ապագան, իսկ սպասվող բարեփոխությունները ավելի թանձր ու կատարելագործված, եվրոպական արժեքներից սերող երկնագույն բաքոսային գիշերներ էին խոստանում' հաշիշով օծված և բալասանով...

ժողովրդավար, հումանիստ ուժերը քանիցս քրտնաթոր հորդորում ու խորհուրդ էին տալիս երկու կողմերին հավասարապես` և’ դահճին, և’ բագինի վրա արնահոսող զոհին խաղաղասեր լինել, հակամարտությունը չկարգավորել բանակցային սեղանի տակ, բայց ցամաք առվով այդպես էլ ջուր չհոսեց, արդար մոլորյալի աչքը ջուր կտրեց սպասելով գործնական միջամտության ու ծարավից աչքերը ակնախոռոչներից դուրս ընկան` փոխանակ սեփական ուժերով աղբյուրի ակունքներին ապավիներ ու մոտենար ինքն իրեն, կառչեր իր արմատներից:

Ով կույր չէր` տեսավ, ով խուլ չէր` լսեց, ով խելք ու գիտելիք ուներ` հասկացավ իր անելիքը: Բանը բանից անցել էր: Բյուր զոհեր, հազարավոր հաշմանդամներ՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, ի՛նչ կա, որ... Մենք եղել ենք, կանք, կլինենք հար ու հավետ, ի՛նչ կա, որ...

Մնացածը մի վերջին լավատեսական հույս փայփայող ըմբենումով մոտեցողներ, գոտիները ձգողներ, վատ ապրելուն հաշտվող սերգոներ, տիրոջ նետած կոնֆետը իրենց ճղելով օդում հափռող դասալիքներ ու սեփական վախկոտությունը հեռատես խոհեմությամբ ու խաղաղասիրությամբ քողարկող անամոթ արկածախնդիրներ էին:

Վերուվարգետնյա` ծպտված ու բացահայտ, երկչոտ ու դուխով ուրվականների ոհմակներ ու բոլուկներ էին շրջում նորաստեղծ իրական պետության տարածքում: Նրանք թռչելու անօգուտ փորձեր էին անում, բայց սողալուց ավելին ձախողման էր դատապարտվում: Ամենակարող, անորսալի, անպատիժ սատանայի և նրա անսեր ու չտես, լկտի ու ցփռված գյորմամիշների ուրվականները միշտ մի աղետ, մի վնաս տալիս էին ժողովրդին անպակաս՝ ամենուր ցա՛վ, ցա՛վ, ցա՛վ, կորուստ ու դժբախտություն սփռելով...

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.1

- Օդանավ վարելու համար պարտադիր չէ օդանավ վարել իմանալ,- բարձրախոսով հայտարարեց օդանավի կառավարումը ստանձնած ինքնագոհ ու ինքնահավան հեծանվորդը: Թափթփելով մի բաժակ կարմիր գինի լցրեց, օխա՜յ ասելով քաշեց գլուխը, արնաթաթախ հիշեցնող թաց ձեռքերը փութաջանորեն սրբեց վերնաշապիկի վրա, մանրավաճառի կեպին հարմարավետ փոխարինեց հայրենական ֆեսով և, կործանված ինքնաթիռի բեկորների, ուղևորների այսուայն կողմ թափթփված անշնչացած մարմնամասերի և հոսող գետակների պատկերները երևակայելով, հաճուքով ավելացրեց օդանավի աղետալի արագընթացը։

Մաշալլա~, էֆենդի:

Հ.Գ.2

Բայց զարմանալիորեն հանդարտ ու անտարբեր էին ամրագոտիներին և անվտանգության անձնական փքված ծծաբարձիկներին ապավինող մահապարտ ուղևորները։ Նրանք անվերապահ հավատում և վստահում էին իրենց օդաչուին, որը հմտորեն գժի տեղ էր դրել իրեն և խոստացել իր երկրպագուներին առաջնորդել դեպի բարեկեցիկ ապագա, և երանության հետ գիրկընդխառն, վառվռուն հույսեր փայփայելով, իրենց բախտ ու ճակատագրի հետ հաշտ, հետևում էին բոցավառ օդանավի անկմանը:

Մաշալլա’…

Հ.Գ.3

«Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» ,- զգուշացնում էր Պետրոս առաքյալը:

15. 06. 2025

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ